Encyclopedia

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

 
353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:
 
Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):
 
Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:
 
Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:
 
Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե' Հռոմը և թե' Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:
Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:
 
364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:
Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:
 
Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:
Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.